ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մի դժգույն լուսանկարի պատմություն

Մի դժգույն լուսանկարի պատմություն
07.02.2025 | 20:00

Մի զարմացիր, որ դրսում քեզ չեն ընդունում այնպես, ինչպես «պատմական Հայաստանի» ղեկավարներին էին ընդունում: Քեզ ընդունում են քո «իրական Հայաստանին» համապատասխան: Պատմականի ղեկավարներից ոչ ոքի մտքով չէր անցնի Հայաստանում օտարվել Հայ առաքելական եկեղեցուց, չմասնակցել հոգևոր արարողակարգերին, բայց օտար հողում գնալ նստել անգլիկան եկեղեցու, բապտիստների ու բողոքականների միջոցառմանը:

Մի ջղաձգվիր, որ քեզ չեն ընկալում լուրջ ու առաքինի, երբ «խաղաղության խաչմերուկ» բրյոշուրը ձեռքիդ փորձում ես ուրիշներին ցույց տալ այդ բրյոշուրի մեջ ներառված նրանց շահը: Նրանք քեզանից լավ ու խորը գիտեն իրենց շահը և հասկանում են, թե դրա տակ ինչպես ես ուզում իրենցից ստանալ քո անձնական արտաքին լեգիտիմությունը: Նրանք զգում են, թե ինչպես ես ամեն կերպ խոսափում պետությանդ տարածքային ամբողջականության վերականգման հարցը իրենց մոտ բարձրացնելուց:

Մի վհատվիր, որ քեզանից առաջ եղած ՀՀ բոլոր ղեկավարներին դրսում վերաբերվում էին ավելի պատկառանքով, քան քեզ: Նրանք բոլորը այլ՝ հաղթանակած և Արցախով Հայաստանի, Սփյուռքով Հայաստանի ղեկավարներ էին: Հաղթանակածի ու պարտվածի տարբերությունը քեզ չընդունողները լավ գիտեն: Նրանք լավ գիտեն, թե ինչ էր Սփյուռքը և ինչպես է հիմա վերաբերվում քեզ, որովհետև լավ են տեսնում, թե ինչպես ես հիսուն հոգանոց միջոցառումը, որի կեսից ավելին ԱՄՆ-ում Հայաստանի տարբեր ռանգերի դիվանագիտական ծառայողներ են, փորձում ներկայացնել որպես հանդիպում հայ համայնքի հետ:

Մի փորձիր այն ուրիշ Պատմական Հայասատանի թե՛ քաշը, թե՛ ազդեցությունը, թե՛ իր ծանր խոսքն ու սոլիդությունը վերագրել քո իրական Հայաստանին, որովհետև ծանրաքաշ տարածաշրջանային Հայաստանը Արցախով էր էդպիսին: Դա գիտեին և զգում էին բոլորը, իսկ հիմա գիտեն և զգում են բոլորը, թե դու ինչ ես, ինչ ես արել և ինչ ես թողել այն Հայաստանից, որն առանց Արցախի այլ է ու քո իրական Հայաստանի կոնցեպտում դարձել է այլևս խորը խաղաղապարտ: Քեզ վերաբերվում են այդ կոնցեպտիդ քաշին համապատասխան:

Մի նյարդայնացիր, երբ նրանք գիտեն, թե ով ես, ինչ ես արել քո երկրի հետ, քո ժողովրդի հետ, հանուն ինչի ես արել ու հիմա ինչ ես ուզում: Քո մասին նրանք քո իմացածից լավ գիտեն ու քեզ վերաբերվում են արածիդ և ուզածիդ համապատասխան: Քեզ վերաբերվում են այնպես, ինչպես դու վերաբերվեցիր Արցախին:

P.S. Սա է մեկ շաբաթյա վոյաժիդ արդյունքը: Ո՛չ դեսպանդ, ո՛չ էլ նախարարդ մեղք չունեն: Ինչպիսին չինն է, էդպիսին էլ նրա չինովնիկներն են:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3129

Մեկնաբանություններ